Միջուկային սինթեզի միջոցով էներգիայի ստացման ռեկորդ է սահմանվել  

9 փետրվարի, 2024  09:56

Անգլիայում մի խումբ գիտնականներ ու ինժեներներ միջուկային սինթեզից ստացվող էներգիայի ռեկորդ են սահմանել՝ ևս մեկ քայլ առաջ գնալով ապագայում մաքուր էներգիա ստանալու իրենց ջանքերում։

Օգտագործելով Joint European Torus (JET), որը բլիթների տեսքով հսկայական մեքենա է և հայտնի է որպես տոկամակ, գիտնականները հինգ վայրկյան շարունակ միջուկային սինթեզի արդյունքում ռեկորդային՝ 69 մեգաջոուլ էներգիա են ստացել՝ օգտագործելով ընդամենը 0,2 միլիգրամ վառելիք: Դա բավարար է մոտ 12,000 տնային տնտեսության համար նույնքան ժամանակով:

Միջուկային սինթեզը նույն գործընթացն է, որի արդյունքում սնուցվում է արևը և այլ աստղեր, և լայնորեն դիտվում է որպես մաքուր էներգիայի անսահմանափակ աղբյուր: Փորձագետները տասնամյակներ շարունակ աշխատել են, որպեսզի կարողանան կատարելագործել չափազանց բարդ այս գործընթացը, և եթե դա հաջողվի, ապա միջուկային սինթեզը կարող է հսկայական քանակի էներգիա առաջացնել՝ ծախսելով շատ քիչ վառելիք և արտանետելով զրոյական ածխածին և հետևաբար չնպաստելով մեր մոլորակի տաքացմանը։

Ի՞նչ է միջուկային սինթեզը

Գիտնականները տոկամակում լցրել են դեյտերիում և տրիտիում, որոնք ջրածնային տարբերակներ են և հավանաբար ապագայում կօգտագործեն կոմերցիոն նպատակներով միջուկային սինթեզի գործարաններում։ Էներգիա ստեղծելու համար թիմը մեքենայում ջերմաստիճանը բարձրացրել է մինչև 150 միլիոն աստիճան ցելսիուս՝ մոտ 10 անգամ ավելի բարձր, քան արևի միջուկի ջերմաստիճանն է: Այդ ծայրահեղ ջերմությունը դեյտերիումին և տրիտիումին ստիպում է սինթեզվել և ձևավորել հելիում՝ գործընթաց, որն իր հերթին ահռելի քանակի ջերմություն է արտազատում: Տոկամակը պատված է ուժեղ մագնիսներով, որոնք պահում են պլազման: Այնուհետև ջերմությունն օգտագործվում է էլեկտրականություն արտադրելու համար:

Այս փորձն իր տեսակի մեջ վերջինն է JET-ի համար, որը գործում է արդեն ավելի քան 40 տարի: Նրա վերջին փորձը և նոր ռեկորդը խոստումնալից նորություններ են միաձուլման նոր նախագծերի համար, ասում է գիտափորձին մասնակցած 300 փորձագետներից կազմված EUROfusion-ի գործադիր տնօրեն Ամբրոջո Ֆասոլին: Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայում կառուցվում է աշխարհի ամենամեծ տոկամակը՝ ITER-ը, որի հետ՝ որպես միջուկային գործարանի նախատիպ, կաշխատի DEMO անունով մեքենան, որպեսզի ավելի շատ էներգիա արտադրի։

«Գործառնական սցենարների մեր հաջող ցուցադրումը ապագա սինթեզման մեքենաների համար, ինչպիսիք են ITER-ը և DEMO-ն, որը հաստատված են էներգիայի ստացման նոր ռեկորդով, ավելի մեծ վստահություն է ներշնչում միջուկային սինթեզի զարգացման հարցում»,- ասել է նա։

Թեև միջուկային սինթեզի էներգիան կլիմայական ճգնաժամի հարցում վճռորոշ դեր կխաղա, դեռ երկար տարիներ կպահանջվի, որպեսզի այս տեխնոլոգիան առևտրայնացվի։ Եվ անհամար մարտահրավերներ կան այս հարցում, ասել է Մանչեստերի համալսարանի միջուկային սինթեզման ոլորտի հետազոտող Անիքա Խանը։  

«Սա հիանալի գիտական արդյունք է, բայց մենք դեռ հեռու ենք կոմերցիոն սինթեզումից: Միջուկային սինթեզի էլեկտրակայանի կառուցումն ունի նաև բազմաթիվ ինժեներական և նյութատեխնիկական մարտահրավերներ։ Այդուհանդերձ, միջուկային սինթեզի ոլորտում ներդրումներն աճում են, և մենք իրական առաջընթաց ունենք: Մենք պետք է վերապատրաստենք հսկայական թվով մարդկանց, որոնք հմտություններ կունենան այդ ոլորտում աշխատելու համար, և ես հուսով եմ, որ տեխնոլոգիան կկիրառվի դարի վերջին կեսին»,- ասել է նա:  


 
 
 
 
  • Արխիվ